Պատվո հարթակին ուրախության եւ հպարտության զգացողություններ ունեի: Երջանիկ եմ, որ կարողացա մեր դրոշը բարձրացնել եւ Հայաստանին բերել աշխարհի ոսկե մեդալը: Հաղթանակս նվիրում եմ Հայաստանին, հայ ազգին, այս հաղթանակը բոլորինն է, ով հայ է: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Լիվերպուլից ասաց աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանը: Անգլիայում ավարտվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում նոյեմբերի 6-ին հենացատկի վարժությունում Արթուր Դավթյանը նվաճեց անկախ Հայաստանի առաջին ոսկե մեդալը: Աշխարհի չեմպիոնը եզրափակիչում աշխարհի 8 ուժեղագույնների մեջ վաստակեց ամենաբարձր 15.050 միավոր: Ոսկե մեդալով պարգեւատրվելուց հետո Արթուր Դավթյանը NEWS.am Sport-ի հետ խոսել է չեմպիոնական մրցելույթի, հույզերի եւ ոսկե հաղթանակի կարեւորության մասին: Իսկ այդ ընթացքում աշխարհի չեմպիոնի կինը՝ Անահիտ Շեգունցը, 3-ամյա դուստրը՝ Ալիսան, ծնողները՝ Վահրամ եւ Աստղիկ Դավթյանները հարազատների շրջապատում տանը մեծ շուքով տոնում էին նորընծա չեմպիոնի մեծ հաղթանակը: Արթուր, շնորհավորում եմ փառահեղ հաղթանակիդ կապակցությամբ: Ավելի վաղ նշել էիր, որ աշխարհի չեմպիոն դառնալու հավատը կար: Ի՞նչ զգացողություններ ունես: Իսկապես սպասո՞ւմ էիր: Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Սպասում էի, իսկապես հավատը կար, որ այս անգամ մարզական բախտը կժպտա եւ կկարողանամ նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Աստծո կամքով այսօր դա տեղի ունեցավ, ինչի համար երջանիկ եմ: Իսկապես ուրախ եմ, որ ես կարողացա մրցահարթակում անել այն, ինչ անում էի մարզումների ժամանակ: Ինչպե՞ս ես ինքդ գնահատում քո ցատկերը: Առաջին ցատկից հետո, կարծես, բարկացած էիր: Որակավորման փուլում ցատկերի ժամանակ երկու դեպքում էլ ոտքս գծից դուրս էի հանել: Չգիտեմ, թե ինչից էր, բայց այստեղի հենացատկի գործիքն, ասես, կողք քաշեր ու ոչ միայն ինձ: Եզրափակիչում առաջին ցատկը կատարեցի եւ նորից կողքի կանգնեցի: Նայում եմ, ինքս ինձ մտքում ասում եմ՝ նորից գծից դուրս եկա: Լավ էր, որ կանգնեցի ու քայլ չարեցի, որը փակեց գծից դուրս գալս: Առաջին ցատկը շատ լավ կանգնեցի: Երկրորդ ցատկն իմ լավագույնն է, դա լավ եմ տիրապետում: Լավ էր, որ այս անգամ գծից դուրս չեկա: Ավելի շատ կենտրոնացա, որ ուղիղ պետք է կանգնեմ եւ գծից դուրս չգամ: Ի՞նչ կասես մրցակիցներիդ, մրցակցության մասին: Սպասում էի, որ կարող էի չեմպիոն դառնալ: Բոլորն էլ սպասում էին, որ ես կարող եմ դա անել: Ամեն ինչ կախված էր ինձանից, թե ինչպես կցատկեմ: Դա էր ամենաբարդը, որ կարողանայի լավ անել, ինչպես մարզումներին: Պայքարը լարված էր, իսկապես: Չեմպիոն դառնալու մեծ նպատակով էի եկել աշխարհի առաջնության: Ճիշտ է, ես չունեմ աշխարհի առաջնության մեդալ, բայց եթե արծաթե կամ բրոնզե մեդալակիր դառնայի, այդքան շատ չէի ուրախանա, որքան ոսկե մեդալի համար: Կար այդ հնարավորությունը, եւ ես պետք է ձեռքիցս բաց չթողնեի այն: Նշեցիր, որ հավատում էիր եւ սպասում, որ ոսկե մեդալակիր կդառնաս: Այդ հավատը Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո է եկե՞լ, թե՞ Խաղերից առաջ ես ունեցել: Օլիմպիական խաղերից հետո հենացատկում կանոնների փոփոխություն տեղի ունեցավ՝ ի օգուտ ինձ: Այս երկրորդ ցատկը, որին ես շատ լավ եմ տիրապետում, մինչ այդ չէի անում, որովհետեւ իրավունք չունեի: Կանոնների փոփոխություններից հետո արդեն կարող եմ այս ցատկը կատարել: Այն փոխարինեցի Օլիմպիական խաղերում արածս ցատկով: Այս մեկը շատ լավ եմ կատարում, դրանով պայմանավորված, հավատս ավելացավ, որ կարող եմ ավելի բարձր միավորներ վաստակել, ավելի բարձր հարգի մեդալի համար պայքարել, աշխարհի չեմպիոն դառնալ: Առաջին օլիմպիական մեդալը քեզ ավելի շատ ուրախացրե՞ց, թե՞ աշխարհի չեմպիոնի կոչումը: Միանշանակ աշխարհի ոսկե մեդալը, որովհետեւ Տոկիոյի Օլիմպիական խաղերում էլի հնարավորություն կար չեմպիոն դառնալու. ես տեսնում էի, որ կարող եմ: Այնտեղ շատ քիչ միավորներով պարտվեցի չեմպիոնին: Ուրախ էի, որ կարողացա 41 տարի անց Հայաստանին բերել օլիմպիական մեդալ, բայց այդքան ուրախ չէի, որովհետեւ կարող էի ավելին: Այստեղ ամեն ինչ այլ էր, արեցի առավելագույնը: Ո՞ւմ ես նվիրում մեծ հաղթանակդ: Հաղթանակս նվիրում եմ Հայաստանին, հայ ազգին, այս հաղթանակը բոլորինն է, ով հայ է: Պատվո հարթակին ուրախության եւ հպարտության զգացողություններ ունեի: Երջանիկ եմ, որ կարողացա մեր դրոշը բարձրացնել եւ Հայաստանին բերել աշխարհի ոսկե մեդալը: Այս հաղթանակի համար շնորհակալ եմ բոլորին՝ մարզիչներիս, ընկերներիս, մեր թիմին, տղաներին, իմ հարազատներին, բոլոր նրանց, որոնք մի փոքր լումա ունեն այս հաղթանակի մեջ: Առանձնահատուկ մարզիչներին եմ շնորհակալ, որովհետեւ նրանք ամեն ինչ անում են այս մեդալների համար, մինչեւ վերջ կանգնած են մեր կողքին: Լուսինե Շահբազյան