Արգենտինայի հավաքականի ավագ եւ հարձակվող Լիոնել Մեսին մեկնաբանել է Մեքսիկայի խաղաշապիկի հետ կապված սկանդալը։ Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Արգենտինայի հավաքականը Մեսիի գոլի եւ գոլային փոխանցման շնորհիվ 2:0 հաշվով հաղթել էր Մեքսիկայի հավաքականին։ Խաղից հետո արգենտինացիները հանդերձարանում ցնծությամբ նշել էին հաղթանակը։ Մեսին Մեքսիկայի հավաքականի խաղացողի հետ փոխանակած խաղաշապիկը գցել էր հատակին։ Տեսագրությունը տարածվել էր սոցիալական ցանցերում։ «Այդ դրվագի հետ կապված կարող եմ միայն ասել, որ թյուրիմացություն էր։ Ինձ ճանաչողները գիտեն, որ ես երբեք չեմ դրսեւորում հարգանքի բացակայություն։ Ամեն խաղից հետո էլ հանդերձարանում այդպիսի բաներ են կատարվում։ Ես ներողություն խնդրելու պատճառ չեմ տեսնում։ Մեքսիկայի ժողովրդին կամ նրանց հավաքականի խաղաշապիկի նկատմամբ քամահրանք ցույց տալու ոչ մի մտադրություն չեմ ունեցել»,- Մեսիի խոսքը մեջբերում է TUDN-ը։ Այս գիշեր պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն, մեքսիկացի Սաուլ Ալվարեսը ներողություն էր խնդրել Մեսիից սպառնալիքների համար։ Սաուլ Ալվարեսը Թվիթերում արած գրառումով սպառնացել էր Լիոնել Մեսիին Մեքսիկայի հավաքականի խաղաշապիկը տրորելու համար։