Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հրավերով մեկօրյա այցով Երևան է ժամանել Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ-ում Իրանի դեսպանատան մամուլի ծառայությունից։ Այցի ընթացքում քննարկվելու են իրանական ավիաընկերությունների համար լիցենզիաներ տրամադրելու, ճանապարհային վճարների վերացման, Հյուսիս-Հարավ միջանցքի և Պարսից ծոց-Սև ծով միջանցքի շրջանակներում համագործակցության խթանման հարցեր։ Մեհրդադ Բազրփաշը կմասնակցի Հյուսիս-Հարավ միջանցքի և Պարսից ծոց-Սև ծով միջանցքի մաս կազմող Ագարակ-Քաջարան ճանապարհի կառուցման պայմանագրի ստորագրման արարողությանը։ Հաղորդվում է, որ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշն այցի ընթացքում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին և էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։