«3+3» ձևաչափն անընդունելի է Վրաստանի համար, սակայն Թբիլիսին շարունակում է աշխատել Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունները զարգացնելու և Վրաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափի ձևավորման ուղղությամբ։ Այս մասին Վրաստանի Հանրային հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն։ «Վրաստանի համար «3+3» ձևաչափն անընդունելի է, մեր դիրքորոշումը շատ հաստատուն է՝ քանի դեռ երկրի տարածքը չի դեօկուպացվել, և Ռուսաստանը չճանաչել մեր տարածքային ամբողջականությունը, մենք չենք մասնակցի այս ձևաչափին»,- ասել է Սամխարաձեն։ Նա պարզաբանել է, որ Թբիլիսին ձգտում է դառնալ այն վայրը, որտեղ կստորագրվի/կնքվի ավելի «մեծ խաղաղության» մասին համաձայնագիրը։