Սեպտեմբերի 19-20-ի ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի կողմից գերեվարված 16 անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների, զինվորականների և խաղաղ բնակիչների վերաբերյալ տեղեկություններ են փոխանցվել նրանց ընտանիքներին, «Ազատությանը» փոխանցել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի խոսնակը։ Գերեվարված անձանց հարազատներին են տրամադրվել նրանց առողջական վիճակի, պահման պայմանների մասին տվյալներ, նաև նրանց լուսանկարները։ Այդ տվյալները Հայաստանի ներկայացուցիչը ստացել է ՄԻԵԴ-ի միջոցով։ Միջազգային դատարանը Հայաստանի խնդրանքով դիմել է Ադրբեջանին, Բաքուն էլ գերեվարված անձանց վերաբերյալ տվյալները փոխանցել է ՄԻԵԴ-ին։ Թե արդյոք 16 գերիները խոշտանգվել են, արդյոք նրանց իրավունքները պաշտպանվում են, առողջական խնդիրներ ունեն, թե ոչ՝ այս հարցերի շուրջ տեղեկություններ դեռևս չեն տրամադրվում։