Հայաստանը պատրաստ է Բրյուսելում եռակողմ հանդիպմանը, այս մասին հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Կար պլանավորված հանդիպում առաջնորդների մակարդակով, որը պետք է տեղի ունենար հոկտեմբերի վերջին, Հայատանը պատրաստակամություն էր հայտնել գալ այդ հանդիպմանը, բայց, ցավոք, հանդիպումը տեղի չի ունեցել։ Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում դա հնարավոր կլինի», - ասել է նա։ Գրիգորյանն ընդգծել է՝ Հայաստանը պատրաստ է խաղաղության։ «Մենք մանդատ ենք ստացել խաղաղության հաստատաման համար։ Մենք այս պահին ուզում ենք, որ հստակեցվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը, հրապարակային հաստատվի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր ՀՀ տարածքային ամբողջականությունը, ապաշրջափակումը տեղի ունենա չորս սկզբունքների հիման վրա։ Սրանք կարևոր սկզբունքներ են, որոնց շուրջ մենք պատրաստ ենք բանակցություններն ավարտին հասցնել, ինչպես նաև լուծել հումանիտար բոլոր այն խնդիրները, որոնք կան։ Կարևոր հարցերից մեկը գերիների վերադարձն է ու խաղաղության հաստատումը։ Հայաստանը պատրաստ է այս օրակարգով շարունակել բանակցությունները, գալ Բրյուսել, հասնել վերջնակետի ու կնքել խաղաղության պայմանագիրը», - ընդգծել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը։