Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանը երկկողմ կապուղիներով հայկական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի 5-րդ ճշգրտված տարբերակը՝ համապատասխան բացատրական նշումներով, և առաջիկայում սպասում է Հայաստանի պատասխանին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Չնայած մինչև այս տարվա վերջ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին հրապարակային հայտարարություններին՝ հայկական կողմն ավելի քան երկու ամիս է, ինչ հետաձգում է փաստաթղթի իր տարբերակի ներկայացումը։ Ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ սա պատմական հնարավորություն է, և խաղաղության պայմանագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չկա, հատկապես Ադրբեջանի «ինքնիշխանության վերականգնումից» (չակերտները՝ Iravaban.net-ի) հետո։ Այժմ լուրջ հարցեր է առաջանում, թե որքանով է Հայաստանը դրան պատրաստ։ Խաղաղության պայմանագրի տեքստը միջուկային ֆիզիկա չէ։ Ադրբեջանի կողմից առաջարկված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին համապատասխան՝ խաղաղության պայմանագրի տեքստը կարող է համաձայնեցվել ավելի արագ՝ ինտենսիվ երկկողմ բանակցությունների միջոցով։ Գնդակն այժմ Հայաստանի դաշտում է»,- նշել է Հաջիևը։