Ա՜խ, ինչքան զոհեր ենք տվել, Որ պահենք այս հողը մի բուռ, Անունը Հայաստան պահենք: Արյունի ծովեր ենք տվել, Որ պահենք այս հողը մի բուռ, Անունը Հայաստան պահենք: Քրտինքի ծովեր ենք տվել, Որ կորդը բուրաստան պահենք, Տաճար ու ոստան պահենք: Այս մի բուռ քարեղեն հողում, Այս մի բուռ քարեղեն հողում Դեռ ինչքան ջանք է հարկավոր, Որ պահենք հացը հոգևոր: Եվ պահենք մեր քայլը` այս խենթ Քառատրոփ թռչող կյանքի հետ: Եվ պահենք մեզանով լեցուն Մեր հոգուն տարեկից լեզուն: Սեփական մեր բույրը պահենք, Եվ պահենք մեր համը սեփական, Սեփական մեր գույնը պահենք, Եվ ապրենք տանը սեփական: Եվ տոհմ ու գերդաստան պահենք, Եվ պահենք այս հողը մի բուռ, Անունը Հայաստան պահենք: Համո Սահյան