YouTube վիդեոծառայությունը փորձարկում է նոր գործառույթ, որն օգտատերերին թույլ կտա հարթակում երգ որոնել՝ պարզապես երգելով դրանից մի հատված: Գործառույթը ներկայումս հասանելի է Android հավելվածի սահմանափակ թվով օգտվողների։ YouTube-ը կկարողանա ճանաչել երգը՝ լսելով դրանից մի կարճ հատված, ընդորում՝ ինչպես մարդու կողմից կենդանի կատարմամբ, այնպես էլ այլ սարքերի ձայնագրության նվագարկմամբ, ինչպես Shazam հավելվածի դեպքում է։ YouTube-ը թույլ կտա մեղեդին երգել կամ նվագարկել երեք վայրկյան կամ ավելի, որից հետո կորոնի և կգտնի համապատասխան տեսանյութերը՝ պաշտոնական հոլովակներով կամ դրանց կարճ՝ Shorts տարբերակները: 2020-ի հոկտեմբերին Google-ը (որին պատկանում է YouTube-ը) գործարկել էր երգերը սուլելու կամ երգելու միջոցով նույնականացնելու գործառույթ։ Սակայն այդ ժամանակ անհրաժեշտ էր, որպեսզի երգը հնչի 10-15 վայրկյան: YouTube-ի այս տեխնոլոգիան կօգտագործի նույն համակարգը, ինչ Google որոնողական համակարգը։ YouTube-ը վերջերս մի քանի նոր գործառույթներ է գործարկել։ Մասնավորապես, ծառայությունը վերջերս գործարկել է ձայնի կայուն բարձրություն ապահովող Stable Volume կոչվող գործառույթը։ Տեսանյութի դիտման ընթացքում այն հարթեցնում է չափազանց բարձր պահերը բղավոցի կամ ֆոնային հնչյունների ժամանակ և ուժեղացնում է չափազանց ցածր հատվածները։ Նոր գործառույթն այդպիսով թույլ է տալիս ապահովել ավելի հարմարավետ և հավասարակշռված աուդիո փորձառություն։ YouTube-ը նաև գործարկել է փորձնական նոր գործառույթ, որն օգտատերերին հնարավորություն է տալիս տեսանյութի մասին համառոտ տեքստային նկարագրություն ստանալ՝ առանց այն դիտելու: Իր նորարարությունների շրջանակում YouTube-ն այս տարի հեշտացրել է փոքր լսարան ունեցող բլոգերների համար գումար վաստակելու հնարավորությունը։