Երիտասարդ երգչուհի Ռոզա Լինը վստահ է՝ ցանկացած դժվարություն հաղթահարելի է, եթե սկսես քեզ ավելի շատ սիրել, գնահատել ու արժեւորել. հենց այս մասին է երգչուհու Snap երգը, որով էլ ներկայանալու է եվրատեսիլյան մեծ բեմում, իսկ լավագույնս ելույթ ունենալու համար նա ջանք չի խնայում: Ռոզան այս ընթացքում հիմնովին զբաղված է միայն եվրատեսիլյան նախապատրաստական աշխատանքներով՝ փորձեր, նկարահանումներ, ելույթներ, ֆոտոշարքեր…, որոնք նրա առօրյայի մի մասն են դարձել: NEWS.am STYLE-ը «Եվրատեսիլ 2022»-ում հայ ներկայացուցչի հետ հանդիպել է հերթական փորձի ժամանակ, լուսանկարել նրան, զրուցել մրցույթի, իր ակնթարթային հաջողության, երազանքների ու փոքրիկ քաղաքից եկած 21-ամյա աղջկա համարձակ որոշումների մասին: Ռոզան ծնվել եւ մեծացել է Վանաձորում, Երեւան տեղափոխվել է վերջերս, ինչպես ինքն է պատմում՝ գործի բնույթով: Երաժշտությամբ սկսել է զբաղվել 6 տարեկանից՝ հաճախելով երաժշտական դպրոց, այնուհետեւ սկսել է նվագել կիթառ ու ստեղծագործել. «Իմ առաջին երգը գրել եմ 10 կամ 11 տարեկանում: Այդ տարիքում իմ կիթառի ուսուցչի հետ համատեղ երկու համերգ ենք ունեցել Վանաձորում. դա հենց այն սկիզբն էր, որի շնորհիվ հասկացա, որ ուզում եմ երաժշտությամբ զբաղել ու իմ կյանքը նվիրել այդ գործին»: Երաժշտության հանդեպ սերն այնքան մեծ է եղել, որ ստիպել է երգչուհուն դիմել մի շարք զոհողությունների՝ հանուն իր սիրելի մասնագիտության: Օրինակ՝ չնայած այն փաստին, որ անվճար ընդունվել էր Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի լրագրության ֆակուլտետ, կարճ ժամանակ անց Ռոզան հասկացել է, որ դա չէ իր սրտի ուզածը. առանց երկմտելու թողել է ուսումը, վերադարձել Վանաձոր ու շարունակել իր երաժշտական ուղին Geneology խմբի կազմում Հայաստանը «Եվրատեսիլ»-ում ներկայացրած Թամար Կապրելյանի ու Ալեքս Սալիբյանի հիմնադրած՝ «Նվակ» կոլեկտիվի շրջանակում. «Ես ունեի իմ խումբը, եւ 2019 թ-ին՝ մեր համերգներից մեկի ժամանակ, «Նվակ»-ի ներկայցուցիչներից ինձ մոտեցան, հայտնեցին, որ ցանկանում են համագործակցել: Բնականաբար, ես իմ բոլոր գործերը դրեցի մի կողմ ու սկսեցի մտածել այդ ուղղությամբ: Կարճ ժամանակ անց արդեն աշխատում էի «Նվակ»-ի հետ: Հենց այդ շրջանում էի ընդունվել Սլավոնական համալսարան, բայց ինձ հանգիստ չէր տալիս այն միտքը, որ ես չեմ կարողանում ժամանակ տրամադրել երաժշտությանը: Ես, ուղղակի, հավաքվեցի, վերադարձա Վանաձոր՝ խմբիս մոտ, որպեսզի միասին զբաղվենք երաժշտությամբ»,-վերհիշում է նա: Ինչպես երաժշտության, այնպես էլ հայրենիքի հետ Ռոզայի կապն անպառակտելի է: 2017 թ-ին երգչուհին ԱՄՆ-ում սովորելու հնարավորություն է ստացել, եւ մեկ տարի տեւած ուսումնական ծրագրից հետո վերադարձել է Հայաստան, չնայած այնտեղ էլ ունեցել է մի շարք ձեռքբերումներ. «Այնտեղ մեկ տարի միայնակ ապրելուց հետո շատ կարեւոր դասեր եմ քաղել, ես շատ եմ փոխվել՝ հեռու էի ընտանիքիցս, ընկերներիցս, լրիվ նոր միջավայրում էի, բայց, բնականաբար, նախընտրեցի վերադառնալ: Չնայած՝ իմ գործն առավել կապված է արտերկրի ու միջազգային շուկաների հետ, ես ինձ դժվար եմ պատկերացնում Հայաստանից ու, հատկապես, իմ ծննդավայրից հեռու: Հիմա Երեւանում եմ ապրում, բայց հնարավորինս փորձում եմ հաճախակի լինել Վանաձորում. մինչ եվրատեսիլյան այս զբաղվածությունը, ես ամեն շաբաթ մեկ օր անպայման այցելում էի Վանաձոր»,-պատմում է նա: Խոսելով իր մյուս նախասիրությունների մասին՝ Ռոզան հավելեց, որ, առհասարակ, իրեն հոգեհարազատ է այն ամենը, ինչը կապված է արվեստի հետ: Անդրադառնալով իր անվան շուրջ՝ վերջին շրջանում ամենաքննարկվող՝ եվրատեսիլյան թեմային, Ռոզան պատմեց, որ մանկուց է երազել Հայաստանը մրցույթում ներկայացնելու մասին. «Միշտ ընտանիքիս հետ հետեւել ենք մրցույթին, ու ներքուստ զգացել եմ, որ ես էլ մի օր պիտի կանգնեմ այդ բեմում: Մեր թիմը տեղեկացել էր, որ այս տարի լինելու է ներքին ընտրություն: Թամարի հետ խորհրդակցելուց հետո որոշեցինք ներկայանալ հենց Snap երգով, ու փաստորեն չսխալվեցինք: Ինչ վերաբերում է սպասելիքներիս, կային շատ մեծ հույսեր, բայց ես նաեւ շատ օբյեկտիվ էի նայում այս հարցին: Հիմա էլ մեծ հույսեր ունեմ մրցույթի հետ կապված, բայց երբեք չեմ կորցնում զգոնությունս»: Չնայած երգչուհու անունը նախկինում ծանոթ չէր հայ հանրությանը, նրան, կարելի է ասել, գրկաբաց ընդունեցին, ինչը կրկնակի ուրախացրեց «Եվրատեսիլ 2022»-ում հայ դեսպանին. Յուրաքանչյուր նոր արտիստի համար շատ կարեւոր է, թե ինչպես իրեն կընդունի հանդիսատեսը, ու ես շատ ուրախ եմ, որ ինձ բավական մեծ ջերմությամբ ընդունեցին, որովհետեւ դա իր հերթին էներգիա ու ուժ է տալիս այս դժվար ճանապարհն անցնելու»,-ասում է նա ու հավելում, որ Հայաստանը մրցույթում լավագույնս ներկայացնելու համար պատրաստ է ցանկացած դժվարության՝ եղանակային կտրուկ փոփոխությունից, մինչեւ անսպասելի պայմաններ ու թռչող տնակ, որոնք արդեն հասցրել է հաղթահարել Snap երգի տեսահոլովակի նկարահանումներին՝ ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի ու Հանրայինի թիմի հետ միասին: «Մենք չէինք նախատեսել, որ այդ օրը ձյուն կգար, բայց քանի որ ունենք շատ պրոֆեսիոնալ թիմ ու տաղանդավոր մարդիկ, կարողացանք ճիշտ ժամանակին հասկանալ, թե ինչպես օգտագործել այդ պայմանները մեր օգտին: Հաջորդ դժվարությունը տնակի մեջ թռչելու փաստն էր, որի հետ կապված վախերը հայտնվեցին ընթացքում, բայց ես ամենայն անեղծությամբ եմ ասում՝ պատրաստ եմ ամեն ինչի, որ իմ երկիրը լավագույնս ներկայացնեմ մրցույթում. ես պետք է շատ լուրջ վերաբերվեմ այն պատասխանատվությանը, որն ինձ վրա է դրվել»: «Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայանալու է առաջին կիսաեզրափակչի օրը՝ մայիսի 10-ին, վերջին՝ 17-րդ համարի ներքո: Ռոզայի խոսքով՝ սպասելն, իհարկե, դժվար կլինի, բայց այս փաստը դրական է համարում, համոզված է՝ այդ թիվն իրեն օգնելու է: Ինչ վերաբերում է ճանաչումից հետո մարդկանց ու իր շրջապատի վերաբերմունքին՝ Ռոզան նշում է. «Ես ինձ հաջողակ մարդ եմ համարում, որովհետեւ ինձ շրջապատում են այնպիսի մարդիկ, որոնց համար իմ հայտնի լինելը կարեւոր չէ: Ինձ համար էլ կարեւոր է, որ ես չկորցնեմ իմ ինքնությունն ու այն Ռոզային, որը եղել է այս ճանապարհի սկզբում: Չեմ ուզում իմ ճանապարհորդության վերջում հայելու մեջ նայելիս տեսնել մեկ ուրիշ մարդու»: Աղբյուրը`http://NEWS.am