Մենք չենք ներում իրար, որովհետև ստրուկին հատուկ հոգեբանությամբ ներում ենք արտաքին թշնամուն: Ամեն օր տեսնում ենք, թե ինչպես բազմաթիվ մարդիկ, տարված իրենց չհիմնավորված և պատրանքային քաղաքական պատկերացումներով, կոկորդ են պատռում՝ հանուն իրենց «ճշմարտացիության հաստատման», հանուն այս կամ այն քաղաքական կուսակցության, բայց ոչ երբեք հանուն ազգային համախմբման: Ատելությունն ու ոխը, բոլորին, գրեթե բոլորին դարձրել են կրքից կուրացած և կողմնապահ: Այլևս, նույնիսկ ընդեմ թշնամու գոյություն չունի միաբան Հայ Ազգ, կա՝ սևերի և սպիտակների, հների և նորերի, կոռումպացվածների և այլասերվածների և այլ բաժանումներով պառակտված, արդյունքում պարտված Հայաստանի Հանրապետություն: Ոչ ոք չի ուզում հասկանալ, որ կրքոտ վեճերի ժամանակ իսպառ մոռացվում է ճշմարտությունը, քչերն են վիճելիս խտրականություն դնում միջոցների միջև, հետևաբար քաղաքական վեճերը ավելի հաճախ վերածվում են թշնամանքի, քան փոխհամոզման: Մեր խոսքը, մեր բարոյական պատկերն է՝ մեր արտաբերած ամեն մի խոսք ուրիշներից առավել մեզ վրա է ազդում: Հայհոյախոսելով, վատաբանելով, առհասարակ գռեհիկախոսելով մարդս խրախուսում է և սնուցում է իր ստոր մտածումները՝ ուժեղացնելով նրանց: Հետևանքը՝ լինում է կատարյալ բաբելոնյան աշտարակաշինություն, երբ այլևս մարդիկ իրար չեն հասկանում: Հետևանքը՝ բարոյական մի մեծ դժբախտություն: Իհարկե դրանք դեռ դժբախտության ծաղիկներն են, պտուղները կվայելենք վաղը, մոտ ապագայում, երբ մեր երկրի գլխին կրկին կպայթի թուրքական վտանգը: ԵՎ ի՞նչ պետք է անել, որ այսուհետև մեր ժողովուրդը հեռու մնա նորանոր աղետներից... Ազատվենք, թույլ չտանք, որ հայհոյախոս և զազրախոս սրիկաները իրենց պիղծ խոսքով թունավորեն մեր միտքը և կյանքը: