Փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժից տուժել է նաև Սիրիայի հյուսիսում գտնվող հայկական Եագուպիէ գյուղը։ Այնտեղ կան ավերածություններ, վնասվել է նաև հայկական Ս. Աննա եկեղեցին։ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը խորը ցավով տեղեկացել է Եագուպիէ գյուղի ավերակների մասին։ Ս. Աննան պատմական եկեղեցի լինելով՝ մեր ժողովրդի համար դարձել էր ուխտատեղի։ Կաթողիկոսարանի հաղորդմամբ, Վեհափառ հայրապետը կապ է հաստատել Բերիոյ հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մակար Եպիսկոպոս Աշգարյանի և համայնքային պատասխանատուների հետ, մանրամասն տեղեկացել երկրաշարժից հետո դժվարությունների մեջ հայտնված մեր ժողովրդի զավակաների վիճակի մասին։ «Մեր պատասխանատուները հատուկ հոգածություն և խնամք են ցուցաբերում յոթը կենտրոններում ապաստանած հայորդիներին՝ նրանց համար հայթայթելով այն, ինչ անհրաժեշտ է։ Այս առիթով համայնքի պատասախանատուները Նորին Ս. Օծությանը փոխանցել են, որ հատուկ հանձնախումբը սկսել է վնասված տների վերաբերյալ արձանագրություն կազմելու աշխատանքները»,- հայտնում են կաթողիկոսարանից։